Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Զախար Բրոնը, Վահագն Պապյանն ու Մոնե Հաթորին՝ հայկական բեմում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Զախար Բրոնը, Վահագն Պապյանն ու Մոնե Հաթորին՝ հայկական բեմում
29.09.2014 | 16:44

Սեպտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնի և մեծանուն դաշնակահար Վահագն Պապյանի համերգը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ: Համերգին, որ կայանալու է Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում և նվիրվելու է ջութակահար Ավետ Գաբրիելյանի 115-ամյակին, մասնակցելու է նաև 15-ամյա հանրահայտ ջութակահար Մոնե Հաթորին: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Խոսելով Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի մասին՝ Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ համերգները բավականին խիտ են, հրավիրվել են շատ հայտնի մենակատարներ, որոնք մեծ պահանջարկ ունեն աշխարհում և տարեկան 100-150 համերգ են տալիս։ Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ մեծ պատասխանատվությամբ է մոտենում վաղվա համերգին, քանի որ ինքը նույնպես ժամանակին սովորել է Զախար Բրոնի մոտ։
Զախար Բրոնը Հայաստանում 2-րդ անգամ է, առաջին անգամ եղել է 30 տարի առաջ։ Ասում է, որ Մոսկվայում սովորելու տարիներին բախտ է ունեցել հաճախ լինել Արամ Խաչատրյանի դասարանում։ «Նրա աշակերտների հետ շատ կապված էի, և հաճախ էի լինում նրա դասերին։ Իհարկե առանձնահատուկ գեղարվեստական անհատականություն էր Արամ Խաչատրյանը։ Շատ կոլորիտային մարդ էր»,- ասաց Զախար Բրոնը։ Խոսելով երիտասարդների հետ շփումների մասին՝ երաժիշտը նշեց, որ երիտասարդ տաղանդների հետ հանդիպելիս կարծես վերածնվում ես. «Ի հայտ են գալիս թարմ գաղափարներ, և աշխատում եմ դրանք կյանքի կոչել՝ հօգուտ իմ երիտասարդ գործընկերների։ Այդպիսով ես դառնում եմ ավելի հարուստ»։
Ասուլիսից անմիջապես հետո Բրոնը վարպետության դաս անցկացրեց երիտասարդ ջութակահարների հետ։
Դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը նշեց, որ համագործակցության փորձ ունի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Երիտասարդականի հետ աշխատելուց հաճույք է ստանում։ «Մեծ ջանքով աշխատելը բնորոշ է միայն երիտասարդական նվագախմբերին»,- ասաց Վահագն Պապյանը։ Անդրադառնալով Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին՝ նա ասաց, որ յուրաքանչյուր երաժշտական միջոցառում, որ նվիրված է Արամ Խաչատրյանին, մեր ժողովրդի և երաժիշտների տուրքն է մեծ կոմպոզիտորին։
Ճապոնացի 15-ամյա հանրահայտ ջութակահար Մոնե Հաթորին ասուլիսում ի պատասխան լրագրողների հարցին նշեց, որ Արամ Խաչատրյանի գործերն առայժմ չի կատարել, սակայն սիրում է նրա ստեղծագործությունները։ Խոստացավ սովորել և նվագել Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Նշենք, որ Մոնե Հաթորիի հայրը և պապը Ճապոնիայի հայտնի կոմպոզիտորներից են։
Սեպտեմբերի 30-ին կայանալիք համերգին սպասվում է հետաքրքիր ծրագիր՝ Յոհան Սեբաստիան Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի, լարային նվագախմբի և բասսո կոնտինուոյի համար (մենակատարներ՝ Զախար Բրոն՝ ջութակ/Գերմանիա, Մոնե Հաթորի՝ ջութակ/Ճապոնիա), Հենրիկ Վենյավսկու Ջութակի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Մոնե Հաթորի՝ ջութակ/Ճապոնիա), Էդվարդ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Վահագն Պապյան՝ դաշնամուր/Իսրայել)։

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ